Տնտեսական տատանումների և ճգնաժամերի ժամանակ կառավարությունները կարող են բարելավել կամ վատթարացնել երկրի տնտեսական վիճակը՝ օգտագործելով հարկաբյուջետային քաղաքականությունը։
Պատմականորեն որոշ կառավարություններ ճիշտ ժամանակին իրականացրել են ճիշտ հարկաբյուջետային քաղաքականություն՝ հանգեցնելով տնտեսության վերականգնմանը: Եղել են նաև դեպքեր, երբ կառավարությունները սխալ հարկաբյուջետային քաղաքականության են դիմել և երկիրն ավելի ծանր տնտեսական դրության առաջ կանգնեցրել:
Հոդվածում կքննարկենք հարկաբյուջետային քաղաքականության մի քանի հաջող և անհաջող դեպքեր։ Սա մեզ պատկերացում կտա, թե տնտեսական համատեքստում ինչպես է աշխատում հարկաբյուջետային ռազմավարությունը և ինչը ոչ:
Ավելի մանրամասն տե՛ս՝ հարկաբյուջետային քաղաքականության էությունն ու նպատակը
Ինչու՞ պետք է ինձ մտահոգի այս թեման:
Նախկինում լավ ծրագրված և արդյունավետ պլանավորված հարկաբյուջետային ռազմավարությունների օրինակները տալիս են գիտելիքներ, որոնք այսօր կարող են օգտակար լինել տարբեր տնտեսությունների համար: Բացի այդ, անհաջող դեպքերի իմացությունը կօգնի մեզ պաշտպանվել վերահաս ճգնաժամերից։
Մեր մեկնաբանությունը.
Տնտեսական ճգնաժամի կամ ռեցեսիայի ժամանակ անհրաժեշտ է ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն՝ տնտեսությունը խթանելու, աշխատատեղեր ստեղծելու և առավել տուժած բնակչությանը աջակցելու համար։
Բումերի ժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ծառայի ապագա անկումների նախապատրաստմանը, պետական պարտքի կրճատմանը և ավտոմատ կայունացուցիչների ներդրմանը, ինչպիսիք են պրոգրեսիվ հարկային համակարգը և գործազրկության ապահովագրությունը:
Ի՞նչ պետք է իմանանք ավտոմատ կայունացուցիչների մասին:
Պրոգրեսիվ հարկերը հարկման համակարգ է, որտեղ հարկային դրույքաչափը բարձրանում է եկամուտների աճին զուգահեռ:
Տնտեսական բումերի ժամանակ ընկերությունների եկամուտներն ավելանում են։ Ըստ այդմ, պրոգրեսիվ հարկերի պայմաններում մի կողմից ավտոմատ կերպով կավելանան բյուջեի եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գնաճը մեխանիկորեն կնվազի։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ հարկերի ավելացման պայմաններում բնակչությունն ավելի քիչ է ծախսում։
Ինչ վերաբերում է գործազրկության ապահովագրությանը/նպաստին, ապա դա կառավարության կողմից դրամական օգնություն է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը և փնտրում են նորը:
Օրինակ, ռեցեսիայի ժամանակ գործազրկության ապահովագրությունը/նպաստները թույլ են տալիս ճգնաժամից տուժած գործազուրկներին պահպանել սպառման մակարդակը, որն ունեցել են մինչ ճգնաժամը: Այս գործընթացն անշուշտ նպաստում է տնտեսական կայունությանը։
Նման հարկաբյուջետային ռազմավարությունը, բացի եկամուտներն ավելի համաչափ ու արդարացի բաշխելուց բնակչության շրջանում, նաև ուժեղացնում և օգնում է տնտեսությունը չնախատեսված ցնցումների ժամանակ։
Ո՞րն է միջազգային փորձը:
- Գերմանիա
Համարվում է, որ Գերմանիան իրականացրել է ամենաարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություններից մեկը COVID 19 ճգնաժամի դեմ: Ինչպե՞ս դա կատարվել:
Ի տարբերություն եվրոպական այլ երկրների՝ Գերմանիան լավ զինված է ավտոմատ կայունացուցիչներով։ Օրինակ, «Kurzarbeit»-ը (կես դրույքով աշխատանքի ծրագիր) թույլ է տալիս գործատուին կրճատել աշխատանքային ժամերը, մինչդեռ կառավարությունը փոխհատուցում է աշխատողներին կորցրած եկամուտների համար։ Այս համակարգը հատկապես արդյունավետ էր համաճարակի ժամանակ։
Բացի այդ, Գերմանիան իրականացրեց 130 միլիարդ եվրո հարկաբյուջետային խթան՝ ուղղված ճգնաժամից տուժած մարդկանց, փոքր և միջին ձեռնարկություններին (SMEs) և պետական ներդրումներին:
Նման ագրեսիվ հարկաբյուջետային քաղաքականությունը հնարավոր դարձավ նրանով, որ մինչ ճգնաժամը Գերմանիան ուներ բյուջեի ավելցուկ և փոքր պետական պարտք։
- Հունաստան
2008 թվականի ֆինանսական ճգնաժամին Հունաստանն ի սկզբանե արձագանքեց ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ (ծախսերի ավելացում): Այնուամենայնիվ, քանի որ մինչ ճգնաժամը երկիրն ուներ աճող պարտքի և բյուջեի դեֆիցիտ, այն չկարողացավ պահպանել խթանումը հետագա տարիներին, և Հունաստանը բախվեց ինքնիշխան պարտքի ճգնաժամին:
2010 թվականին Հունաստանը վարկի տեսքով ստացավ օգնության առաջին փաթեթը Եվրամիությունից և ԱՄՀ-ից (Արժույթի միջազգային հիմնադրամը), այս անգամ որոշակի վերապահումներով, այն է՝ բյուջեի ծախսերը կրճատելու (գոտիները սեղմելու) փոխրեն, որն ավելի ստույգ նշանակում էր պետական ծառայությունների աշխատողների աշխատավարձերի, սոցիալական աջակցության ծրագրերի և կենսաթոշակների կրճատում: Ճիշտ է, Հունաստանն այս ընթացքում ստացել է օգնության տարբեր փաթեթներ, սակայն դրա մի զգալի մասը ծախսվել է արտաքին պարտքի սպասարկման վրա։
Հունաստանի կառավարության հարկաբյուջետային վատ կառավարման վատթարագույն հետևանքները կրում են ամենացածր եկամուտ ունեցող բնակչությունը: Հայտնի տնտեսագետ Թոմաս Պիկետին այսպես է գնահատում գոտիների ձգման քաղաքականության հետևանքները. «Գոտի ձգելու քաղաքականությունը Հունաստանում սոցիալապես անարդար էր, ավելացնում էր անհավասարությունը և խարխլում սոցիալական համախմբվածությունը՝ միաժամանակ չվերականգնելով տնտեսական կայունությունը»:
- Ֆրանսիա
Ի պատասխան 1979 թվականի ճգնաժամի, Ֆրանսիայի կառավարությունն իրականացրեց հարկաբյուջետային խթան, որը նշանակում էր բյուջեի ծախսերի ավելացում և հարկերի կրճատում: Քաղաքականությունն ի սկզբանե դրական ազդեցություն ունեցավ: 1982 թվականին Ֆրանսիայում տնտեսական աճը կազմում էր 2,4%, սակայն հաջորդ տարի այն իջավ մինչև 1,2%։ Ի՞նչու
Ֆրանսիայի տնտեսությունը կախված էր ներմուծումից, հատկապես Գերմանիայից ներմուծվող ապրանքներից։ Համապատասխանաբար, ֆրանսիական հարկաբյուջետային խթանման միջոցով թողարկված միջոցներն օգտագործվել են գերմանական ապրանքներ գնելու համար, ինչը հետագայում մեծացրել է ներմուծումը Ֆրանսիա և արտահանումը Գերմանիա: Դրա պատճառով 1983 թվականին Գերմանիան ավելի բարձր տնտեսական աճ ունեցավ, քան Ֆրանսիան, և Ֆրանսիան տարին ավարտեց բյուջեի դեֆիցիտով, իսկ Գերմանիան՝ ավելցուկով։
Այս օրինակը մեզ սովորեցնում է, որ հարկաբյուջետային խթանման ժամանակ պետք է հաշվի առնել երկրի առևտրային դիրքը և տնտեսության կառուցվածքը։ Ֆրանսիայում համատեղ պահանջարկը խթանելով՝ գերմանական տնտեսությունն ավելի շատ շահեց, քան ֆրանսիականը, քանի որ ազատված միջոցների զգալի մասը ծախսվեց գերմանական արտադրանքի գնման վրա։
Եվ վերջում,
Հարկաբյուջետային քաղաքականության ճիշտ կիրառումը կարող է որոշիչ լինել տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար։ Տնտեսական անկման ժամանակ կարևոր է չկրճատել բյուջեի ծախսերը, աշխատավարձերը և թոշակները, քանի որ դա բացասաբար կանդրադառնա բնակչության եկամուտների, ընդհանուր պահանջարկի և, ընդհանրապես, տնտեսության աճի վրա, այսպես կոչված «գոտի ձգող» քաղաքականությունը կարող է արդեն իսկ ճգնաժամի մեջ գտնվող տնտեսությունը ավելի վատթարագույն ճգնաժամի մեջ գցել: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության պլանավորման ժամանակ հարկաբյուջետային քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել տեղական տնտեսության կառուցվածքը և առևտրի դիրքերը։